Քննարկվել են ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 28-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։


Հանդիպման նպատակն էր քննարկել ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։


Նախարարը ներկայացրել է Հայաստանում «կանաչ քիմիայի» հայեցակարգը, տեքստիլ արդյունաբերության նախագծի շարունակականության ապահովման հնարավորությունը, ինչպես նաև թեթև արդյունաբերության, ձեռներեցության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։


Շեշտվել է ՎԶԵԲ-ի «Խորհուրդներ փոքր բիզնեսի համար» ծրագրի շարունակության և ընդլայնման ազդեցությունն ու կարևորությունը։


Անդրադարձ է կատարվել կապիտալի շուկայի զարգացմանը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը և Գյումրիի «չոր նավահանգստի», արդյունաբերական պարկերի ստեղծման նախագծերին։